Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ցանկացած միլիմետրի հանձնումը ուղիղ ճանապարհ է մեծ պատերազմի և այդ պատերազմում Հայաստանի անխուսափելի պարտության

Ցանկացած միլիմետրի հանձնումը ուղիղ ճանապարհ է մեծ պատերազմի և այդ պատերազմում Հայաստանի անխուսափելի պարտության
21.03.2024 | 08:07

Տեսեք՝ ինչ է ստացվում.Արցախը առնվազն 30 տարվա պաշտպանական ուժեղ համակարգ էր, որը խանգարում էր թշնամուն հասնելու Սյունիք, Ջերմուկ և ՀՀ այլ վայրեր։ Արցախը դավադիր պատերազմում ծվեն-ծվեն անելուց և ապա Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սրիկայակույտը թշնամուն անարգել ու առանց դիմադրության հասցրեց Հայաստանի տարբեր բնակավայրեր, որտեղ, ցավոք, նախապես պատրաստված բնագծեր ու պաշտպանական շինություններ չկային, քանի որ խորը թիկունք էր, ու մարդկանց մտքով չէր անցնում, որ Հայաստանում իշխանության կգան հակահայ տականքներ՝ ապահովելով թշնամու առաջխաղացումը մինչև Գորիս, Ջերմուկ Վարդենիս և այլն։

Ադրբեջանը, գործնականում անարգել, GPS-ով և այլ մեթոդներով, գրավել և զբաղեցրել է Վարդենիսից մինչև Սյունիք գրեթե բոլոր բարձրադիր դիրքերն ու ստացել ռազմավարական լուրջ առավելություն և վերահսկողություն մատակարարող ճանապարհների վրա, իսկ ՀՀ սահմանների ստեղծված հատվածը դեռ շատ երկար ժամանակ չի ունենա բավարար կահավորում և ինժեներական ամրություններ, էլ չեմ ասում՝ մարդկանց քանակը, որն անհրաժեշտ է նոր ստեղծված ռազմական գիծը պահելու և մատակարարելու համար։

Հայաստանի համար այս պահի դրությամբ միակ մարտավարական առավելություն ունեցող դիրքերը Տավուշի դիրքերն են, որոնք 30 տարիների ընթացքում գործնականում անառիկ են մնացել և անընդհատ բարելավվել են՝ ամրաշինական, ինժեներական և այլ տեսանկյունից։ Անգամ եթե ոմանք կասեն, թե անկատար են դեռ, թեկուզ, բայց վստահաբար՝ ՀՀ մյուս բոլոր սահմանային գծերից այս պահի դրությամբ ամենից ամուրն են՝ թե՛ լոգիստիկայի, թե՛ ռազմավարական, և թե՛ այլ առումներով։

Չնայած այն հանգամանքին, որ, ըստ Նոյեմբերի 9-ի պայմանագրի, զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ գտնվում էին ստորագրման պահին, մենք տեսել ենք, որ Ադրբեջանը ոչ միայն կանգ չի առել և չի կատարել իր պայմանավորվածությունները, այլև անընդհատ առաջ է եկել՝ անգամ մարտական գործողությունների դիմելով Ջերմուկում, Սիսիանում, Իշխանասարում, Կապանում և այլուր։ Արցախի օկուպացիան էլ այդ առաջխաղացման վերջին դրվագն էր։

Սակայն, թշնամու հռետորաբանությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում կանգ առնել, այլև նպատակ ունի ամբողջությամբ կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրա համար նրան անհրաժեշտ են մի կողմից ՀՀ-ում դավաճան և ամեն ինչ հանձնող իշխանոթյուն, մյուս կողմից՝ դրանց օրոք ապահովել իրեն բարձունքներով և հարմար դիրքերով՝ իր կատարածու իշխանության փոփոխության և հայ ժողովրդի կազմակերպված դիմադրության ժամանակ՝ անարգել գրոհելու համար։

Այսպիսով, Ադրբեջանի խնդիրը Տավուշի ճանապարհներն ու գյուղերը չեն, դրանք մի մասն են իր մեծ պլանի։

Զիջելով որևէ դիրք, որևէ տարածք Տավուշից՝ խախտվում է ամբողջ բնագծի և սահմանի տրամաբանությունը, կառուցվածքը, փոխկապակցվածությունն ու լոգիստիկան, ինչը կոնկրետ խնդիրներ է ստեղծում ռազմական պայմաններում մարտը վարելու, մարտն ապահովելու, մատակարարելու և այլ առումներով։

Ավելի պարզ, եթե թշնամու կողմից Արցախի կամ ՀՀ այլ դիրքերի վրա կրակելիս Տավուշի մեր դիրքերը մեզ առավելություն էին տալիս՝ պատժիչ և զսպող գործողություններ իրականացնել թշնամու հանդեպ, ապա տալով ցանկացած կտոր այդ հատվածից, այլևս գործնականում անհնար է դառնում կազմակերպված դիմադրության ցուցաբերումը, և հետեևաբար՝ երաշխավորվում է պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաղթանակն ու Հայաստանի պարտությունը։

Որևէ տարածքի հանձնումը չի ենթադրում պատերազմի բացառում։ Այդ երաշխիքները չեն տալիս նույնիսկ հանձնման ջատագով սրիկաները։ Նրանք ուղիղ տեքստով ասում են, որ եթե չտան՝ պատերազմ կլինի, բայց եթե տան՝ վստահ չեն, որ չի լինի, ինչը նշանակում է, որ կլինի։ Համենայն դեպս, 2020 թվականից մինչ այսօր, անընդհատ առաջ է գալիս թշնամին և կանգ չի առնում։ Որտեղ կարողանում է՝ քայլելով, որտեղ չի կարողանում քայլելով՝ տանկերով ու ռումբերով:

Եվ ուրեմն, Տավուշի դիրքերը պահելը ոչ թե ինչ-որ գյուղերի, անկլավների, գյուղացիների որոշելու հարց է, այլ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիր։ Սա ողջ Հայության անվտանգության հարցն է, և այն սարքել գյուղերի փոխանակման, անկլավների, նիկոլ ընտրողներին պատժելու կամ նման այլ որակների դիսկուրս՝ մեղմ ասած, սխալ բան է։

Հարցը պետք է հստակ դրվի, որ այդ դիրքերի ցանկացած փոփոխություն ուղիղ կերպով խարխլում է անվտանգային ողջ բնագիծը՝ հարվածի տակ դնելով ողջ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին։

Արցախից տարածքների զիջումը, ինչպես տեսնում եք, չկանգնեցրեց թշնամուն, և փաստորեն թարմ օրինակը մեր աչքի առաջ է։ Մարդիկ պետք է հասկանան, որ Տավուշից տարածքների հանձնումը ևս չի զսպելու, չի կանգնեցնելու թշնամուն։ Հետևաբար՝ ամեն գնով պետք է խանգարել ցանկացած միլիմետրի հանձնումը։

Հանձնողը նստած է Երեևանում։ Տավուշի դիրքերը թույլ են տալիս ոչ միայն դիմադրել ադրբեջանական ագրեսիային, այլև անգամ հակագրող կազմակերպել և էական վնաս հասցնել թշնամուն, ինչը և՛ս չի արվել՝ Երևանում նստած սրիկայի հրամանով և խոչընդոտներով պայմանավորված:

Կրկնում եմ, թեման պետք չէ տանել «ընտրություններին բա խի՞ եք դրան ընտրել՝ ձեզ հասնում է», «բա դե Արծվաշենը», «բա դե ճամփան է», «բա կռիվը» և այլ տիրույթներ։ Հարցը պետք է դրվի հստակ՝ ցանկացած միլիմետրի հանձնումը ուղիղ ճանապարհ է մեծ պատերազմի և այդ պատերազմում Հայաստանի անխուսափելի պարտության։ Հետևաբար, Տավուշի տարածքները պետք է պահել, որպեսզի Հայաստանը չպարտվի պատերազմում։ Իսկ այդ դիրքերը պահելու համար նախ պետք է ազատվել այն հանձնել պատրաստվող հակահայ ավազակախմբից:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ